Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 1.2011

Հանգույցների խնդիրը

Հանգույցների խնդիրը

Լիմֆոադենոպաթիան շատ հիվանդությունների «այցեքարտն» է։ Շատ քչերն են հարկ եղած ուշադրությունը դարձնում լիմֆատիկ հանգույցների վրա, որոնք մարդկանց մոտ   ինֆեկցիաների «պահակակետերն» են:

 

Սակայն նույնիսկ մի քիչ մեծացած հանգույցները լուրջ վտանգ կարող են ներկայացնել և հարկ է անմիջապես միջոցներ ձեռք առնել:

 

Լիմֆոադենոպաթիան` լիմֆատիկ հանգույցների ակտիվացումը, ամենատարբեր հիվանդությունների «այցեքարտն» է: Երբեմն բժիշկը, ուսումնասիրելով այդ ախտանշանները, դժվարանում է բացատրել հիվանդության առաջացման պատճառներն առանց հատուկ հետազոտությունների: Լիմֆատիկ հանգույցների մեծացում դիտվում է կարմրախտի, կարմրուկի, մոնոնուկլեոզի, տոքսոպլազմոզի, տուբերկուլոզի ժամանակ: Պատճառներից կարող են լինել ադենովիրուսային ինֆեկցիաները:

 

Լիմֆատիկ հանգույցները սովորաբար բորբոքվում են ինֆեկցիայի օջախից ոչ հեռու: Եթե ցավում է կոկորդը, ապա մեծանում են պարանոցային և ենթածնոտային լիմֆատիկ հանգույցները, եթե ոտքի վրա է վերքն ու այն արդեն թարախակալել է` աճուկային հատվածի լիմֆատիկ հանգույցները, եթե ձեռքին է` անութային: Ինչո՞ւ: Բանն այն է, ինֆեկցիայի հարուցչի լիմֆատիկ համակարգ ընկնելու դեպքում հանգույցներն սկսում են իրենց «պարեկային ծառայությունը»: Նրանք «բռնում են» հարուցչին, կանխարգելելով նրա տարածումը: Ուժեղանում է օրգանիզմի պաշտպանական բջիջների` լիմֆոցիտների արտադրությունը, որոնք կուտակվում են լիմֆատիկ համակարգի այդ հատվածներում: Այնպես որ, ըստ էության, լիմֆատիկ հանգույցների մեծացումը վկայում է, որ օրգանիզմի բնական պաշտպանության գործընթացն արդեն սկսվել է: Բայց, միևնույն ժամանակ, տագնապի նման ազդանշանը շտապ ուշադրություն է պահանջում` դիմել բժշկի: Որպես կանոն, լիմֆատիկ հանգույցները շատ հաճախ են մեծանում գեր մարդկանց մոտ: Երբեմն այն ինքն իրեն անցնում է, առանց օրգանիզմի վրա անդրադարձ ունենալու: Բայց, եթե ախտընթացը շատ երկար է տևում, իսկ հանգույցը ցավոտ է ու բավական արտահայտված, օրինակ ընկույզի չափ, դա արդեն տագնապի ազդանշան է: 

 

Պատճառ առաջին. կատուն ճանկռել է:

 

Շատերը տանը կատու են պահում և, եթե այդ սիրելի կենդանին ճանկռել է ձեռքը, նրա ճանկերից ինֆեկցիան ընկնում է լիմֆայի մեջ, լիմֆահանգույցն  սկսում է արձագանքել: Զարգանում է «կատվի ճանկռածի հիվանդությունը» կամ բարորակ լիմֆառետիկուլոզը:

 

Կատուները դրանով չեն հիվանդանում, նրանք միայն իրենց ճանկերում կրում են այդ ինֆեկցիան: Բայց կատվի հասցրած վերքը կարող է խորանալ և ցավել (և թեթև ցավ, և ուժեղ), իսկ վերքից ոչ հեռու կարող է այտուց լինել: Օրինակ,  եթե վերքը ձեռքին է, արմունկից ոչ հեռու, ապա կարող է այտուցվել թևատակը: Կարող է մարմնի ջերմաստիճանը բարձրանալ 37-37,50:  Եթե օրգանիզմը չի հաղթահարում ինֆեկցիան, այլ լիմֆահանգույցներ են ՙներգրավվում՚ ախտընթացի մեջ, օրինակ,  ըմպանի, այդ դեպքում կարող է անգինա սկսվել, արձագանքում են նաև լյարդն ու փայծաղը: Եթե վերք-քերծվածքը երկար ժամանակ չի լավանում, այն թարախակալում է, շուրջբոլորը պնդություն է շոշափվում: 

 

Մեկ այլ «կատվային» ինֆեկցիա է տոքսոպլազմոզը, որը օրգանիզմ է թափանցում  մարսողական ուղիով: Մեծանում են լիմֆատիկ հանգույցները, մարմնի ոչ այնքան բարձր ջերմաստիճանը պահպանվում է, դիտվում է թուլություն, երբեմն այտուցվում, արցունքակալում են աչքերը: Այս ինֆեկցիան հատկապես վտանգավոր է հղի կանանց համար: Եթե տանն ինչ-որ մեկն արդեն հիվանդացել է այս ինֆեկցիայով, ապա հղի կինը պետք է նրանից հեռու մնա: Այս ինֆեկցիան անբարենպաստ ազդեցություն ունի պտղի վրա:

 

Անվտանգության միջոցները

 

  • Վարակումից խուսափելու համար զգույշ խաղալ կատվի հետ:
  • Եթե կատուն ճանկռել է, պետք է վերքը անպայման մշակել յոդով և հետևել, մինչև այն լավանա: 
  • Եթե ինֆեկցիան, այնուամենայնիվ, սկսել է տարածվել, լիմֆատիկ հանգույցները մեծացել են, պետք է դիմել բժշկի` անհրաժեշտ բուժօգնության և բարդություններից խուսափելու համար: 

 

Պատճառ երկրորդ. տրորվել են ոտքերը

 

Լիմֆատիկ հանգույցների մեծացման բավական հաճախակի հանդիպող և սովորական պատճառներից մեկն է նեղ կոշիկի պատճառով ոտքերի տրորվածությունը, որն անհրաժեշտ հակասեպտիկ դեղորայքով չի մշակվել: Պատահում է, որ վերքի ապաքինումը ձգձգվում է, մարդը մոռանում է դրա մասին, որովհետև այն չի ցավում, չի անհանգստացնում: Բայց, երբեմն, ինֆեկցիան ընկնում է լիմֆայի մեջ և աննկատ ախտահարում մոտակա լիմֆահանգույցը:  Նման դեպքերում օրգանիզմը երբեմն ինքնուրույն հաղթահարում է ինֆեկցիան, երբեմն էլ լիմֆատիկ հանգույցի մեծացումն ուղեկցվում է թարախային ախտընթացով, որն արդեն վիրաբույժի միջամտությունն է պահանջում: Հարկ է լինում բացել լիմֆատիկ հանգույցը և մաքրել, հետագա վարակումը կանխարգելելու համար: 

 

Անվտանգության միջոցները

 

  • Պետք է հագնել ոտքի չափսերին հարմար կոշիկ, ոչ մեծ, ոչ փոքր: Երբեք շատ երկար չքայլել նոր կոշիկներով, առավել ևս, ճանապարհորդության դուրս գալ: 
  • Եթե ոտքի վրա արդեն վերք է բացվել, այն մշակել բակտերոցիդ քսուքով, հետո կպցնել մանրէազերծ սպեղանին: 
  • Եթե վերքը երկար ժամանակ չի լավանում, սկսել է ցավել ու անհանգստացնել, դիմել բժշկի, բարդությունները կանխարգելելու համար: 

 

Պատճառ երրորդ. ֆուրունկուլներ

 

Ֆուրունկուլների առաջացումը հորմոնային փոփոխությունների մասին է ահազանգում: Բարձր քրտնարտադրության դեպքում  դրանք կարող են առաջանալ անութներում (թևատակերին): Երբեմն այն պինդ այտուցի ձևով է լինում, որի տակ մաշկը կարմրած է, երբեմն էլ շատ ցավոտ է լինում նույնիսկ ձեռքը բարձրացնելը: Դա հիդրադենիտն է: Այն ինքնուրույն բուժելը հալվեի տերևով կամ այլ քսուքներով` անիմաստ է: Արդյունավետ տարբերակը բժշկին դիմելն է:

 

Անվտանգության միջոցները

 

  • Մաշկի այն հատվածը, որտեղ հաճախակի են առաջանում ֆուրունկուլներ, պետք է շփել սալիցիլային սպիրտով կամ հատուկ լոսյոններով: Երբեք չի կարելի դրանք ծակել կամ ճզմել: Լավագույն տարբերակը դերմատոլոգին այցելությունն է, նա քսուք կամ շփելու միջոց կնշանակի, որոնք կնվազեցնեն այդ տհաճ երևույթի դրսևորման հաճախականությունը: 
  • Եթե քրտնարտադրությունը բարձր է, ուրեմն պետք է խնամքով հետևել մաշկի հիգիենային, շուտ-շուտ լոգանք ընդունել մաշկը մաքրելու համար քրտինքից ու մաշկային արտազատուկներից:

 

Պատճառ չորրորդ. կրծքի հատվածում պնդություն

 

Երբեմն անութներում լիմֆատիկ հանգույցների մեծացումը կարող է զուգակցվել կրծքի հյուսվածքի պնդությամբ: Դա բավական վտանգավոր հիվանդության նշան է, որը պահանջում է անմիջապես դիմել ուռուցքաբանին: 

 

Կանխարգելելու համար հարկ է որոշակի տարիքից հետո պարբերաբար հետազոտվել, առողջ կենսակերպ վարել, որը ներառում է չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածություն և առողջ սնունդ: 

 

Անվտանգության միջոցները

 

  • Ամիսը երկու անգամ ինքնուրույն շոշափել ամեն մի կրծքագեղձը, պառկած և կանգնած վիճակում: Աննշան պնդություն շոշափելիս անգամ դիմել բժշկի: 
  • Կրծքի և անութային լիմֆատիկ հանգույցների ուսումնասիրությունը հարկ է պարբերաբար կատարել, եթե այդ հատվածում պատահական վնասվածք կամ տրորվածք է եղել: 

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1.2011
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. limfouzli.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ